Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի ֆունկցիոնալ շրջափակման ուղղությամբ

ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի ֆունկցիոնալ շրջափակման ուղղությամբ
02.10.2009 | 00:00

Իրանին տարածաշրջանային և ավելի խոր` միջազգային շրջափակման ենթարկելու գաղափարը վաղուց քննարկվում ու դիտարկվում է ԱՄՆ-ի քաղաքական ու փորձագիտական շրջանակներում։ Գործնականում ամերիկյան բոլոր առաջատար հետազոտական կառույցները, որոնք ինտեգրված են պետական համակարգում, այս կամ այն չափով մասնակցել են այդ ծրագրերի քննարկմանը կամ ծրագրավորմանը։ Այս գաղափարը դիտարկվել է ավագ Ջորջ Բուշի, Բիլ Քլինթոնի վարչակազմերում` այն իրողությունների հաշվառումներով, որ ձևավորվել էին վերոնշյալ պատմաքաղաքական փուլում։
Առաջին անգամ, միանգամայն հրապարակայնորեն, այդ գաղափարն առաջ քաշեց այն ժամանակ Պենտագոնում պաշտպանության խորհրդի կարևոր ֆունկցիոներներից Ռիչարդ Պերլը` 2001-ի դեկտեմբերին, երբ ելույթ էր ունենում «Գործարարության ամերիկյան ինստիտուտում» (AEI) անցկացվող էլիտար սեմինարի ժամանակ։ Չնայած ամերիկյան պետական կառույցներին մոտ կանգնած առաջատար փորձագետների առարկություններին, որոնք ներկայացնում էին «Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը», «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը» (CSIS) և այլ հետազոտական հաստատություններ, Իրանի շրջափակման գաղափարը դառնում էր ավելի ու ավելի արդիական ԱՄՆ-ի քաղաքականության մեջ։ Թեպետ այն ժամանակվա պետքարտուղար Քոլին Փաուելի մերձավոր շրջապատն առարկում էր դրա դեմ։
Պենտագոնում Իրանի շրջափակման գաղափարը դարձավ առաջնահերթ ուղղություններից մեկը ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության մերձավորարևելյան քաղաքականության մեջ, մանավանդ որ Պենտագոնն աշխատում էր իրականացնել քիչ թե շատ ինքնուրույն քաղաքականություն` ամենից առաջ տարածաշրջանային ուղղություններով։ Իրանա-ամերիկյան հարաբերությունների որոշ ջերմացումից հետո, 2001-ի աշնանը, սեպտեմբերի 11-ի իրադարձություններից անմիջապես հետո, Պենտագոնում գործող նեոպահպանողականներն արեցին հնարավորինս Իրանի հետ հարաբերությունները կրկին վատթարացնելու ուղղությամբ` առաջ քաշելով շատ կողմերով արհեստական փաստարկներ։ Հենց այդ պահին «շրջափակման» գաղափարը ստացավ նոր բովանդակություն, և ձեռնարկվեցին միջոցառումներ` այդ ուղղությամբ խորհրդատվություններ ու երաշխավորություններ ստանալու համար։
Իրանական ղեկավարությունը, գիտակցելով աճող վտանգի նշանակությունը և միշտ էլ մտահոգված լինելով որևէ ձևով տարածաշրջանային շրջափակում թույլ չտալու մեջ, չսպասեց ԱՄՆ-ի այդ քաղաքականության արդյունքներին, այլ ուժեղացրեց սեփական քաղաքականությունը մերձավոր հարևանների և հարակից տարածաշրջանների պետությունների հետ։ Իրանցիները հասկացան, որ ազգային անվտանգության առաջնահերթ պրոբլեմները երկար ժամանակի կտրվածքով կենտրոնացած են լինելու իրենց երկրին հարող «մերձավոր արտաքին գոտում»։ Եվ անկախ նրանից, թե ինչ կուսակցություն կգլխավորի ԱՄՆ-ի վարչակազմը, և ինչ քաղաքական ոճ կորդեգրվի, պայքարն ընթանալու է Իրանի դիրքերն ու անվտանգությունը թուլացնելու ուղղությամբ։ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը կանոնավորապես ուսումնասիրում է մերձավոր տարածաշրջանների հետ կապված պրոբլեմներն ու իրավիճակները, հարևանների հետ հարաբերությունները, ընդ որում, հենց «շրջափակման» ամերիկյան քաղաքական համատեքստում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շրջանակում ստեղծված են համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են մերձավոր տարածաշրջաններում առաջացող որոշակի պրոբլեմներով։ Իսկ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կազմում գոյություն ունի համակարգող բաժին, որը պատասխանատու է այդ հարցերի համար։ Մահմուդ Ահմադինեժադի` Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Իրանի քաղաքական ղեկավարությունը վերանայեց մարտավարությունը և դրա հետ կապված խնդիրները «մերձավոր տարածաշրջաններում»` անբավարար գնահատելով նախորդ կառավարության գործունեությունն այդ ուղղությամբ։ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի այն ժամանակվա քարտուղար Ալի Լարիջանին անձամբ էր ծանոթանում տարբեր ֆունկցիոներներին, նրանց կարծիքներին ու գնահատականներին, կատարում անսպասելի ուղևորություններ սահմանամերձ նահանգներ, որտեղ զբաղվում էր Իրանի արտաքին սահմաններին հարող տարածաշրջանների հարցերով։ Հարևան պետությունների միջոցով Իրանի շրջափակման ջանքերի տապալումը դարձավ իրանական արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը։ Սակայն իրանցիները վաղուց ու լավ են հասկացել, որ իրական շրջափակում իրենց սպասում է միայն առաջատար պետությունների միջև պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում։
Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը` Մահմուդ Ահմադինեժադի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, սկզբունքային փոփոխություններ չի կրել։ Չեն վերանայվել առաջնահերթությունները, բայց ինչ-որ չափով փոխվել է քաղաքական ոճը, ինչը նշանակում է, որ արդիականացվում են այն ծրագրերը, որոնք Իրանը միշտ էլ համարել է կարևոր, բայց ոչ միշտ է հաջողվել դրանց հաղորդել առարկայական բովանդակություն։ Դա վերաբերում է, օրինակ, Իրանի հարաբերություններին այնպիսի կարևոր դաշնակցի հետ, ինչպիսին Սիրիան է։ Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին և նախկին արտգործնախարար Քյարուբ Խարազին միշտ մեծ ուշադրություն էին դարձնում Սիրիայի հետ հարաբերությունների զարգացմանը, սակայն միայն Մահմուդ Ահմադինեժադի թիմի վարած քաղաքականության շնորհիվ ի հայտ եկան նոր առաջարկներ, և տեղի էին ունենում կանոնավոր խորհրդատվություններ Սիրիայի ղեկավարության հետ` ռազմավարական գործընկերության ռեժիմում։ Մահմուդ Ահմադինեժադը և Ալի Լարիջանին սկսեցին իրագործել այն ծրագիրը, որի մասին երկար ժամանակ դատողություններ էին անում Արևմուտքի և Ռուսաստանի քաղաքագետները։ Այսինքն` տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքի ստեղծում` ներառելով դրա մեջ Իրանը, Իրաքը, Սիրիան, Լիբանանը և հնարավոր այլ պետություններ։ Ընդ որում, պարզվեց, որ Իրանը միանգամայն ընդունակ է լոկոմոտիվի դեր ստանձնելու արաբական աշխարհի արևելյան մասում, ինչը նախկինում հնարավոր էր համարվում միայն որպես գաղափար և հիպոթետիկ նախաձեռնություն։ Հենց այդ փուլում Իրանը վերաիմաստավորեց իր համար այն դերը, որ կարող է խաղալ Հայաստանը` իր շրջափակումը թույլ չտալու համատեքստում։
ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի քաղաքականությունը երբեմն թվում է իռացիոնալ և գաղափարախոսությամբ պայմանավորված։ Անշուշտ, գաղափարախոսության դերն Իրանի քաղաքականության մեջ եղել և մնում է շատ կարևոր, բայց ԱՄՆ-ի նկատմամբ նրա քաղաքականությունը շատ կողմերով կառուցվում է Իրանում կառավարող ռեժիմի ամրության հաշվառումով, և, ելնելով այդ իրողությունից, Իրանի դերը իսլամական ու արաբական երկրներում աճում է, նա ձեռք է բերում նոր դիրքեր։ Ինչպես հայտնի է, Իրանի արտաքին քաղաքականության մեջ 1979-ից սկսած գլխավոր նպատակը եղել է արտաքին քաղաքական, տնտեսական ու տեխնոլոգիական շրջափակման հաղթահարումը, Արևմուտքի առաջատար արդյունաբերական երկրների հետ հարաբերությունների հաստատումը կամ ամրապնդումը։ Մոտավորապես 1994-95-ից սկսած, երբ նախագահ էր Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, Իրանը սկսեց իրագործել արտաքին քաղաքականության ուղղությամբ ճեղքում իրականացնելու իր ծրագիրը։ Երբ նախագահ դարձավ Մուհամմադ Խաթամին, այդ քաղաքականությունը դարձավ ավելի համակարգային ու հետևողական, թեպետ Խաթամին շարունակում էր գնալ այն ճանապարհով, որ բացել էր Ռաֆսանջանին։ Իրանի առաջնահերթ խնդիրն էր վստահելի ու կայուն հարաբերություններ հաստատել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ։ Դրան զուգահեռ զարգանում էին հարաբերություններն ավելի փոքր, բայց արդյունաբերական պետությունների հետ։ Այս քաղաքականության երկրորդ փուլում ենթադրվում էր հարաբերությունների վերականգնումը Մեծ Բրիտանիայի հետ։ Այդ քաղաքականությունը զարգանում էր հարաբերականորեն համաչափ, թեկուզ և իրանցիները ենթադրում էին, որ ամեն ինչ ավելի արագ կընթանա։ Սակայն խնդիրն այն էր, որ այդ պետությունների հետ հարաբերություններն այդպես էլ դուրս չեկան տնտեսական ու գեոտնտեսական սահմաններից։ Գոնե Ֆրանսիայի և Գերմանիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ հաստատելու Իրանի հույսերը չարդարացան։ Այդ պետությունները տրամադրեցին Իրանին կարևոր տեխնոլոգիաներ մետալուրգիայի, նավթի հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտներում, քաղաքացիական և ռազմական տեխնիկայի արտադրության բնագավառում։ Սակայն հրթիռային տեխնիկայի լեգալ տրամադրում այդպես էլ տեղի չունեցավ։ Միայն այսօր է պարզ դառնում, որ Իրանը «արտաքին ճեղքման քաղաքականությունը» իրականացնելիս ձգտել է հավասարակշռել իր մոտեցումներն Արևմուտքի և Արևելքի հետ հարաբերություններում։ Իրանը ձգտում էր Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծել այլ կանոններ ու ոճ` տարբեր եվրոպական երկրների հետ ունեցած փոխհարաբերություններից։ Իրանը հուսով էր Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնել Արևմուտքում չընդունված ձևաչափերով, հատկապես ռազմական տեխնոլոգիաների և տեխնիկայի ձեռք բերման հետ կապված։ Իրանցիները ոչ առանց հիմքի համարում են, որ այդ մոտեցումն արդյունավետ է եղել, Ռուսաստանը, Չինաստանը գնացին փոխհարաբերությունների այդպիսի սխեմայի զարգացման, սակայն միաժամանակ սահմանափակեցին Իրանին, և այդ սահմանափակումը տեսանելի է եղել Իրանի արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններով։
Եվրոպական պետությունների հետ հարաբերություններում Իրանի գլխավոր փաստարկն այն էր, որ նա պատրաստ է տարեկան 12-14 մլրդ դոլարի բարձր տեխնոլոգիական ապրանքներ ձեռք բերել, իսկ նավթագազային ոլորտում կատարվող ներդրումները յուրաքանչյուր 2-3 տարին մեկ կարող են կազմել 5-11 մլրդ դոլար։ Իրանի մտադրություններն ու քաղաքականությունը գեոտնտեսական և կոմունիկացիոն ծրագրերի առումով, նրա դիրքորոշումը նավթի գների սահմանման հարցում և ՕՊԵԿ-ում, նրա քաղաքականությունը Պաղեստինում, Աֆղանստանում և այլ տարածաշրջաններում եվրոպացիների համար մեծ նշանակություն չունեին։ Այդ իսկ պատճառով գործնականում միայն Մեծ Բրիտանիան վերականգնեց հարաբերություններն Իրանի հետ և ակտիվ երկխոսություն սկսեց` տարածաշրջանային հիմնախնդիրները նկատի ունենալով։ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը և հավակնությունները ոչ միայն վտանգավոր չեն թվում Լոնդոնին, այլև հետաքրքրություն են առաջացնում բրիտանական քաղաքական գործիչների շրջանում, ովքեր Իրանը դիտարկում են իբրև այլընտրանք չունեցող գործընկեր Առաջավոր Ասիայում, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում վերահսկել էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանները։ Քանի որ Մեծ Բրիտանիան երկար ժամանակով կորցրել է իր դիրքերն արաբական աշխարհում, չի կարող Թուրքիայի և Պակիստանի հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման հույս ունենալ, ուստի հենց Իրանը կարող է դառնալ նրա առանցքային գործընկերը, քանի որ ինքն էլ ունի Եվրոպայում և աշխարհում այդպիսի ազդեցիկ պետության հետ հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտություն։
«Արտաքին ճեղքման քաղաքականությունը» Իրանն իրագործում էր գլխավոր նպատակ ունենալով վերականգնել պաշտոնական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ առավել նախընտրելի դիրքերից։ Իրանը փորձում էր նորմալացնել հարաբերությունները և չեզոքացնել տարածաշրջանային և ընդհանուր միջազգային անբարենպաստ այն պայմանները, որոնք կարող էին խանգարել գլխավոր նպատակի իրականացմանը։ Ներկայումս Իրանը մեծ ուշադրությամբ է հետևում ԱՄՆ-ում զարգացող գործընթացներին և փորձում է բեմահարթակներ ստեղծել ԱՄՆ-ի հետ շփումների հաստատման համար։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը, բրիտանական հատուկ ծառայությունները, առանձին քաղաքական գործիչներ ու խորհրդարանի պատգամավորներ և նույնիսկ բրիտանական համագործակցության երկրների քաղաքական գործիչներ առաջարկում են Իրանին ամերիկացիների հետ շփումների հուսալի և լուրջ բեմահարթակ տրամադրել, սակայն դրա դիմաց Բրիտանիան պետք է «մենաշնորհ» ունենա այդ շփումները կարգավորելու հարցում։ Դժվար է պնդել, թե այդ ծրագիրն արդեն իսկ իրականություն է դարձել, բայց միանգամայն հավաստի է, որ այդ գործընթացում մասնակից է «Բրիթիշ փեթրոլեում» բրիտանական հայտնի նավթային ընկերությունը։ Այս ծրագիրն ունի նաև մրցակիցներ` ի դեմս Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի, Հորդանանի թագավորի և այդ երկրի որոշակի ինտելեկտուալների, Հունաստանի խորհրդարանի պատգամավորների և աջակողմյան քաղաքական գործիչների։ Կան նախանշաններ, որ Հորդանանն էլ այդ դերը ստանձնել է Մեծ Բրիտանիայի հովանավորությամբ։ Բազմաթիվ խոշոր գործարարներ, ովքեր ժամանում են Իրան կամ փորձում նրա հետ հաստատել տնտեսական հարաբերություններ, որպես կանոն, առաջարկում են իրենց միջնորդությունն իրանա-ամերիկյան հարաբերությունների հաստատման գործում։ Միևնույն ժամանակ, այդպիսի առաջարկությունները հաճախ անլուրջ են և իրենց մեջ պարունակում են ամերիկացիների հետ շփումների հնարավորության այնպիսի մակարդակ, որն արդեն իրանցիների համար հետաքրքիր չէ։
Կարելի է վստահորեն պնդել, որ Իրանում, մինչև Մահմուդ Ահմադինեժադի իշխանության գալը, հնարավոր էին համարում, որ Ջորջ Բուշի վարչակազմն ընդունակ է վերականգնելու Իրանի հետ հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, իրանական քաղաքականությունը վերջին շրջանում նախապատրաստել է պայմաններ ԱՄՆ-ի նոր դեմոկրատական վարչակազմի հետ հարաբերությունների մեջ մտնելու համար։ Խնդիրն այն է, որ նախկին շփումներն ամերիկացիների հետ կառուցվել են դեմոկրատական վարչակազմի արտաքին քաղաքական գաղափարախոսության և քաղաքական հոգեկերտվածքի հաշվառումով։ Դեմոկրատական վարչակազմերի քաղաքականությունը լավ ուսումնասիրված է իրանցիների կողմից, և նրանք մեծ հույսեր ունեն` կապված Բարաք Օբամայի քաղաքականության հետ այն առումով, որ հնարավորություն կստեղծվի հաղթահարել ԱՄՆ-ի ստեղծած միջազգային ֆունկցիոնալ շրջափակումը, որը, այնուհանդերձ, հսկայական վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը։ Տպավորություն է ստեղծվում, որ Իրանի ներքին քաղաքականությունն ու ներքաղաքական պայքարը երկրի ներսում նույնպես ծավալվում են Բարաք Օբամայի գործոնի ազդեցությամբ, ինչը բավականաչափ մտահոգում է Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարությանը։ Բարաք Օբամայի հետ հույսեր են կապում ոչ միայն Իրանում վաղուց հայտնի քաղաքական գործիչները, ինչպես լիբերալ-բարեփոխիչները, այնպես էլ բավականաչափ հայտնի պահպանողականները։ Կասկած չկա, որ իրանցի քաղաքական գործիչներից ոչ մեկը չի պատրաստվում վնասել երկրի ազգային շահերը և սկզբունքային զիջումներ անել ամերիկացիներին։ Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման հույսեր շատերն ունեն։
Այսպես թե այնպես, Բարաք Օբաման այսօր օգտվում է Իրանին շրջափակման ենթարկելու այն քաղաքականությունից, որ հնարավոր դարձավ Ջորջ Բուշի գործունեության հետևանքով։ Վաշինգտոնում հասկանում են, որ հենց Բուշի վարչակազմը կարողացավ համախմբել առաջատար արդյունաբերական և ֆինանսապես հզոր պետություններին` Իրանին ֆունկցիոնալ շրջափակման ենթարկելու ուղղությամբ։ Այդ շրջափակման գործընթացի «ապասառեցումը» կարող է տարածաշրջանում հանգեցնել բոլորովին նոր իրավիճակի առաջացման։ Իրանի ապաշրջափակումը կհանգեցնի ահռելի ներդրումների և նոր գեոտնտեսական իրավիճակի ձևավորման, հնարավորություն կտա Իրանի հարևան պետություններին` ավելի ինտենսիվ ներգրավվել տարածաշրջանի տնտեսական զարգացման գործընթացներում։ Իրանա-ամերիկյան հարաբերությունների թեկուզ մասնակի կարգավորումը կհանգեցնի Թուրքիայի դերի նկատելի նվազեցման տարածաշրջանում` ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհառազմավարության տեսանկյունից։ Կթուլանա Պակիստանի դերն ու նշանակությունը նույնպես, քանի որ Իրանը կսկսի ավելի կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասի, Պարսից ծոցի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների անվտանգության համակարգի ձևավորման առումով։
Անշուշտ, հարց է առաջանում, թե ի՞նչ կարող է ստանալ Իրանն այդ քաղաքական առևտրում։ Ամենից առաջ Եվրամիության և Հյուսիսային Ամերիկայի բիզնես-հրապարակների հասանելիություն, ինչն արդեն քիչ չէ։ Սկզբունքորեն հենց դա է Իրանի գլխավոր գեոտնտեսական նպատակը։ Սակայն Բարաք Օբաման բոլորովին էլ բարեգործ չէ և փոխարենն Իրանից կպահանջի ոչ այլ ինչ, քան միակամ դիրքորոշում ԱՄՆ-ի գլխավոր քաղաքական կուրսի իրականացման առումով։ Չինաստանին զսպելու համար գլոբալ համակարգի ստեղծում և այլընտրանքային պայմանների ձևավորում Եվրամիություն-Ռուսաստան համագործակցության դաշտում։ Այսինքն, Իրանին ակնհայտորեն կառաջարկվի այն գեոռազմավարական դերը, որ ամերիկյան քաղաքականության մեջ մի քանի տասնամյակ իրականացնում էր Թուրքիան։ Դա կնշանակի Իրանը հետևողականորեն դուրս բերել երկու տերությունների` Ռուսաստանի և Չինաստանի առանցքից, ինչը միանգամայն վտանգավոր է Իրանի համար, եթե ուշադրություն դարձնենք նրա անվտանգության ամբողջ համակարգին, որ նա ստեղծել է Իսլամական Հանրապետության գոյության երեք տասնամյակների ընթացքում։ Իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ ԱՄՆ-ի և, ինչ-որ չափով, առաջատար եվրոպական երկրների համար Իրանն ավելի նախընտրելի գործընկեր է, քան Թուրքիան, որն այնքան սերտ ինտեգրված է եվրատլանտյան կառույցներին։ Խնդիրն այն է, որ Իրանը, ինչպես և Թուրքիան, հավակնում է տարածաշրջանային տերության կարգավիճակի, բայց, ի տարբերություն Թուրքիայի, չունի կայսերական հավակնություններ։ Վերջին տասնամյակների քաղաքական պրակտիկան ցույց տվեց, որ Իրանը, որքան էլ էքսպանսիվ լինի, իր էթնիկ և գեոռազմավարական բնույթով այնպիսի սպառնալիք չի կրում իր մեջ, ինչպես Թուրքիան։ Իրանական դոկտրինն իր արտաքին քաղաքական բոլոր նպատակների համադրության մեջ ագրեսիվ չէ և ունի պաշտպանական բովանդակություն։ Չնայած ԱՄՆ-ի և տարածաշրջանի որոշ պետությունների հետ իր հակադիր հարաբերություններին, Իրանն ամերիկյան էքսպանսիոնիզմի բացակայության դեպքում անգամ գտնվում է ռազմավարական պաշտպանության իրավիճակում և նույնիսկ իր ատոմային ծրագիրը կառուցում է պաշտպանական նպատակներից ելնելով։ Իսկ Թուրքիան բոլորովին այլ հավակնություններ ու մտադրություններ ունի, և դա ամերիկացիներն ու եվրոպացիները լավ հասկացել են։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ